Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթը հաշվարկվելու է ինդեքսավորման մեթոդով
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթը հաշվարկվելու է ինդեքսավորման մեթոդով

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթը հաշվարկվելու է ինդեքսավորման մեթոդով։ Համապատասխան փոփոխությունները ներառված են կառավարության պատրաստած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում։ Փոփոխություններով կներդրվի սոցիալական փաթեթների ինդեքսավորման նույն սկզբունքը, որը գործում է թոշակառուների համար 2021 թվականից։

Ըստ կառավարության՝ օրինագծի ընդունման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական վիճակը կբարելավվի, քանի որ նրանց համար նախատեսված սոցիալական փաթեթի չափի տարեկան ավելացումը երաշխավորված կլինի։ Մասնավորապես, ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը կավելանա 65 լարիով, իսկ մյուս կատեգորիայի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթի չափը կավելանա 35 լարիով։

Կառավարության տվյալներով՝ սոցփաթեթի չափի ավելացումը կանդրադառնա մոտավորապես 132 հազար մարդու, որոնց սոցիալական փաթեթի գումարը տատանվում է 100 լարիից մինչև 419 լարի։

«Գործնականում, հաշվի առնելով տնտեսական աճի և գնաճի փաստացի ցուցանիշները, 2023 թվականին ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը կավելանա 65 լարիով, իսկ հաշմանդամության այլ կատեգորիաներ ունեցողների համար՝ սոցիալական փաթեթը 35 լարիով, սակայն եթե տնտեսական աճը և գնաճի ցուցանիշները ցածր լինեն, ապա ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների համար երաշխավորված սոցիալական փաթեթի չափի ավելացումը կկազմի առնվազն 25 լարի, իսկ մնացած բոլոր անձանց համար՝ 20 լարի»,- նշված է բացատրական քարտում։