Հարկային ծառայությունը հայտարարություն է տարածել տարեկան գույքահարկի հայտարարագրի ներկայացման վերաբերյալ
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել գույքահարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերաբերյալ։
Հայտարարության համաձայն՝ տարեկան հայտարարագրի ներկայացման և վարչարարության մասով օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել։
«Հարկ վճարողների շահերից ելնելով՝ եկամուտների ծառայությունը մանրամասնորեն պարզաբանում է այն անձանց կատեգորիան, որոնք պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնել գույքահարկի տարեկան հայտարարագիր։
Հայտարարագիրը պարտավոր են ներկայացնել ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, եթե իրենց և ընտանիքի անդամների նախորդ տարվա (2024) եկամուտը գերազանցում է 40,000 լարին, և նրանք ունեն հարկման ենթակա գույք (անշարժ գույք, այդ թվում՝ չավարտված շինարարություն, շինություններ կամ դրանց մասը, յախտա, ուղղաթիռ, ինքնաթիռ և թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ բացառությամբ մոտոցիկլետների և մոպեդների)։ Տնտեսական գործունեության իրականացման դեպքում՝ հարկման ենթակա են նաև հաշվեկշռում հիմնական միջոցների տեսքով գրանցված ակտիվները, սարքավորումները և այլն։
Բացի այդ, հայտարարագիրը ներկայացնելու պարտավորություն չկա այն անձանց համար, որոնք նախորդ հարկային տարում արդեն ներկայացրել են հայտարարագիր կամ ունեցել են հաշվարկված հարկ, և տվյալները չեն փոխվել (համակարգը ավտոմատ կգրանցի նախորդ տարվա տեղեկատվությունը)։
Ընդգծվում է, որ գործող օրենսդրությամբ՝ գույքահարկի տարեկան հայտարարագրի ներկայացման կամ վարչարարության մասով որևէ փոփոխություն չի կատարվել։ Համապատասխանաբար, անհատ ձեռնարկատերերն ու ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել հայտարարագիրը նախորդ հարկային տարվա տվյալներով՝ հարկման ենթակա գույքի վերաբերյալ, իսկ հողի վերաբերյալ՝ ընթացիկ հարկային տարվա ապրիլի 1-ի դրությամբ։
Եկամուտների ծառայությունը հորդորում է մեդիա գործակալություններին, ֆինանսական/հաշվապահական/խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին և առանձին փորձագետներին ձեռնպահ մնալ կեղծ, հարկ վճարողների համար վնասակար տեղեկատվության տարածումից, ինչը կարող է հանրությանը մոլորության մեջ գցել։
Մանրամասն տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի, ինչպես նաև հաշվիչի, տեսանյութերի և ուղեցույցի վերաբերյալ հասանելի է եկամուտների ծառայության կայքում։ Տեղեկատվություն կարելի է ստանալ նաև «RS չաթ»-ի, «RS բոտ»-ի միջոցով կամ զանգահարելով խորհրդատվական հեռախոսային կենտրոն՝ 2 299 299 համարով։