«Հանուն Վրաստանի» կուսակցություն. «Լելոն» կարծես թե ներքին կոնսենսուսի չեկավ, ընտրությունների ժամանակն արդեն սահմանափակ է, հետևաբար այս փուլում համաձայնության գալ չհաջողվեց
Կարծես թե «Լելոն» ներքին կոնսենսուսի չի եկել, ընտրությունների ժամանակն արդեն սահմանափակ է, հետևաբար այս փուլում համաձայնության գալ չի հաջողվել. այս մասին սոցցանցում հայտնել է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական նպատակը «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելն է՝ առանց «Ազգային շարժման» վերադարձի։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում և ևս մեկ անգամ հաստատում մեր հարգանքը Վրաստանի նախագահի նկատմամբ, ով կարևոր դերակատարություն ունի երկրում ընթացող քաղաքական գործընթացներում։ Հենց նրա նախաձեռնությամբ ու հրավերով մենք ներգրավվեցինք այս մի քանի օրերին ընթացող քաղաքական քննարկմանը։ Նաև շնորհակալություն ենք հայտնում Լելոյին քննարկմանը մասնակցելու համար։
Մեր քաղաքական թիմի համար պետության և մեր քաղաքացիների ընդհանուր ազգային շահերը միշտ բարձր են եղել ցանկացած տեսակի կուսակցական և/կամ անձնական շահից։ Այսպես է եղել նախկինում` մեր իշխանության օրոք, այսօր այսպես է` ընդդիմությունում, այսպես է լինելու ապագայում։
Ուստի մենք մի կողմ դրեցինք մեր կուսակցական շահերը և հրաժարվեցինք ամեն ինչից, փոխարենը մյուս կողմը ներքին կոալիցիոն համաձայնագրի համար վերջնաժամկետ խնդրեց։ Ի դժբախտություն մեզ, կարծես թե հակառակ կողմը չկարողացավ ներքին կոնսենսուսի հասնել։ Կոնկրետ որոշումներ կայացնելու ընտրական ժամանակն արդեն սահմանափակ է, հետևաբար այս փուլում համաձայնության գալ չհաջողվեց։
Մեր և «Լելոյի» միջև սկսված քննարկումը դրական ակնկալիքներ է տալիս հաջորդ գումարման խորհրդարանում համագործակցության վերաբերյալ։ Մեր քաղաքական նպատակն է առանց «Ազգային շարժման» վերադարձի «երազանքին» հեռացնել իշխանությունից, ապահովել երկրում խաղաղություն և վերջ դնել բևեռացմանը»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։