Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է «Էվոլյուցիոն Ջորջիա»-ի գործադուլավոր աշխատակիցների հետ
2024 թվականի օգոստոսի 22-ին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին և հանրային պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն հանդիպել են «Էվոլյուշն Ջորջիա» ՍՊԸ-ի գործադուլավոր աշխատակիցների հետ և լսել նրանց մարտահրավերների ու պահանջների մասին։ Այս մասին տեղեկություն է տարածում հանրային պաշտպանի գրասենյակը։
Գործակալության տվյալներով՝ գործադուլավորները խոսել են աշխատավայրում աշխատանքային իրավունքների խախտումների, ինչպես նաև առողջությանը սպառնացող, հակահիգիենիկ պայմանների և ղեկավարության կողմից ստորացուցիչ վերաբերմունքի մասին։
Գործադուլի հայտարարումից ի վեր հանրային պաշտպանը բազմիցս արձագանքել է նշված խնդրին և կոչ արել ընկերության ղեկավարությանը և գործադուլ անող աշխատակիցներին արդյունավետ կերպով վարել հաշտեցման ընթացակարգերը։
2024 թվականի հուլիսի 8-ին Լևան Իոսելիանին սեփական նախաձեռնությամբ սկսել է «Էվոլյուշն Ջորջիա» ՍՊԸ-ում խտրականության ենթադրյալ խրախուսման վերաբերյալ դեպքի ուսումնասիրություն։ Հանրային պաշտպանը գործը մանրակրկիտ ուսումնասիրելու համար դիմել է թե՛ աշխատանքի գլխավոր տեսուչին, թե՛ «Էվոլյուշն Ջորջիա» ՍՊԸ-ին։ Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է գործի ուսումնասիրությունը և վերջնական որոշում կկայացնի կողմերի տրամադրած տեղեկատվության և փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրությունից հետո։
Հանրային պաշտպանը պարզաբանում է, որ կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային վեճի յուրաքանչյուր հարց, ըստ էության, ամբողջությամբ առնչվում է աշխատանքին և դրա հետ կապված հարաբերություններին, ինչպես նաև աշխատանքային նորմերի արդյունավետ կիրառմանը։ Այսպիսով, հաշվի առնելով մասնավոր հատվածի նկատմամբ վերահսկողության սահմանափակ մանդատը, հանրային պաշտպանը չունի միջնորդական գործընթացը ղեկավարելու կարողությունը:
Լևան Իոսելիանին ևս մեկ անգամ կոչ է անում «Էվոլյուշն Ջորջիա» ՍՊԸ-ին, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, անհապաղ համագործակցել գործադուլավոր աշխատակիցների հետ և ապահովել հաշտեցման ընթացակարգերի ժամանակին և արդյունավետ իրականացումը։
Հանրային պաշտպանը աջակցություն է խոստացել գործադուլ անող աշխատակիցներին և խոստացել, որ նրանցից ստացված տեղեկատվությունը ամբողջությամբ կտրամադրի համապատասխան պետական գերատեսչություններին»,- ասված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։