Հանրային հեռարձակողը հանդիպումներ է ունենում մարզերում՝ նոր նախագծերի շուրջ
Վրաստանի առաջին ալիքը նոր նախագիծ է սկսում. «Որոշում»՝ այսպես է կոչվում հաղորդումը, որը հոկտեմբերից հեռարձակվելու է ամեն չորեքշաբթի՝ ժամը 22:30-ին։ Հաղորդման վարողը կլինի Գիորգի Գվիմրաձեն։ Այս ձևաչափով առաջին ալիքը հանրությանը առաջարկում է լայն քննարկում կրթական համակարգում ընթացող փոփոխությունների վերաբերյալ։
Փոփոխությունները կհրապարակվեն լայն հանրության համար, ինչը բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն կտա ոչ միայն հետևել դրանց ըմբռնման, ընդունման և իրականացման տրամաբանությանը, այլև ներգրավվել քննարկման, արտահայտել իրենց տեսակետները, տալ կարևոր հարցեր և ստանալ պատասխաններ:
Ծրագրում կներկայացվեն ինչպես կրթության և գիտության նախարարությունը, այնպես էլ բոլոր շահագրգիռ կողմերը՝ ուսուցիչներ, ծնողներ, կրթության ոլորտի փորձագետներ, ովքեր ակտիվորեն կքննարկեն ներկայացված խնդիրները և կկիսվեն իրենց կարծիքներով որոշում կայացնողների հետ։
Նշված նախագծի շրջանակներում մարզերում հանդիպումներ են ունենում Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, Հանրային հեռարձակողի լրատվական և ընթացիկ հարցերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն, Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ, բանասեր Գիա Մուրղուլիան։
Այսօր հանդիպումն անցկացվել է Քութայիսիի առաջին հանրային դպրոցում, իսկ մինչ Քութայիսը՝ Գուրջաանիում։ Հանդիպումներին մասնակցում են ուսուցիչներ և ուսումնական հաստատությունների ղեկավարներ։ Ուշադրություն է դարձվում ինչպես ընթացիկ խնդիրներին, այնպես էլ դպրոցական համակարգում առկա կարեւոր մարտահրավերներին, խնդիրներին ու նորություններին։ Հանդիպումները դառնում են ազատ և բաց հարթակ նշված խնդիրների օբյեկտիվ քննարկման և հանրային գնահատականի համար։
Բացի այդ, նախագծի շրջանակում ամեն երկուշաբթի, ժամը 22:30-ին, առաջին ալիքով կհեռարձակվի փոքր ֆորմատով հաղորդում, որի նպատակը կլինի հրավիրված հյուրերից ստանալ Վրաստանի ցանկացած հատվածի հարցերի պատասխանները և հասկանալ և հրապարակել բոլոր այն հարցերն ու կարծիքները, որոնք կարող են ունենալ ցանկացած քաղաքացի մինչև հիմնական թոք-շոուի եթեր դուրս գալը։ Հարցեր տալու հնարավորություն կտրվի բոլորին, ովքեր տեսահոլովակ կնկարահանեն և կուղարկեն մեր www.1tv.ge կայք։ Նշված ձեւաչափը գլխավորելու է Մարիամ Շալիկաշվիլին։