Հանրապետության հրապարակում դասական մեքենաների ցուցահանդես է կազմակերպվել
Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Առաջին Հանրապետության հրապարակում անցկացվում է դասական մեքենաների ցուցահանդես։ Միջոցառմանը ներկայացված են 150 ռետրո մեքենաներ։
Միջոցառմանը որդու հետ մասնակցել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Միջոցառմանը ներկա էին նաև խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն և Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն։
Կախա Կալաձեի խոսքով, վերջին տարիներին դասական մեքենաների վերաբերյալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են նախապատրաստվել, որոնց հեղինակներից է նշված միջոցառման համակազմակերպիչ Արչիլ Թալակվաձեն։
«Վրաստանում սիրում են մեքենաներ, հատկապես դասական մեքենաներ։ Քաղաքապետարանը աջակցում է այս նախագծին։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա պատմական մեքենաների թիվը Վրաստանում վերջին տարիներին շատ է աճել։ Այսօրվա միջոցառումը նույնպես դա է ցույց տալիս։ Այսօր այս ակումբին անդամակցում է 250 մարդ։ Մեր կողմից մենք կհեշտացնենք նման նախագծերի իրականացումը, որպեսզի ավելի շատ մարդիկ հետաքրքրվեն այս ուղղությամբ»,- ասել է Կախա Կալաձեն։
Արչիլ Թալակվաձեի խոսքով՝ դասական մեքենաների ոլորտը կարգավորվել է խորհրդարանի ընդունած օրենքով։
«Նախորդ նստաշրջանում Վրաստանի խորհրդարանը հատուկ օրենք է ընդունել դասական մեքենաների մասին, որը գործնականում իրավական դաշտ է ստեղծել այս դասի ու տարիքի մեքենաների համար։ Այս դաշտն ամբողջությամբ կարգավորվում է։ Սա կնպաստի մեր երկրում տնտեսությանը, զբոսաշրջությանը և, որ ամենակարեւորն է, դասական մեքենաների հետ կապված մշակույթի ձևավորմանը։ Այն արդեն շատ տարածված է Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ լավ է, որ այդ մշակույթը հաստատվում է նաեւ Վրաստանում»,- ասաց Արչիլ Թալակվաձեն։