Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Թեա Ախվլեդիանին հանդիպել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների հետ
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ելույթ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված Կախեթիի շրջանի երիտասարդներին՝ Վրաստանի Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հիմնախնդիրների վերաբերյալ մշակութային-կրթական սեմինարի շրջանակներում և շնորհավորել Հանդուրժողականության միջազգային օրը։
Թեա Ախվլեդիանին նշել է, որ Վրաստանում, հաշվի առնելով էթնիկապես բազմազան հասարակության հանդուրժողական միջավայրում արժանապատիվ համակեցության եզակի պատմական փորձը, ինչպես նաև հավասարության սկզբունքների և ընդհանուր եվրոպական արժեքների վրա հաստատված միջազգային չափանիշներն ու մեխանիզմները, ապահովվում է հավասարությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։
Ինչպես հայտնում են պետնախարարի գրասենյակից, Թեա Ախվլեդիանին երիտասարդներին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, առաջնահերթությունները, ձեռք բերված արդյունքները և ապագա ծրագրերը, որոնց իրականացման գործում երիտասարդ սերնդի ներգրավվածության բարձրացումը քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ Թեա Ախվլեդիանին ընդգծել է էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների բնակչության իրազեկման կարևորությունը պետական քաղաքականության արդյունավետ իրականացման գործընթացում, ներառյալ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հեռանկարները:
Օրվա ընթացքում նախատեսված միջոցառումների շրջանակում պետնախարարի աշխատակազմի նախաձեռնությամբ կայացել է համաճարակի ժամանակ նկարահանված հանդուրժողականությանը նվիրված հոլովակի շնորհանդես, որին որպես պատվավոր հյուրեր մասնակցել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Երկօրյա սեմինարին մասնակցում է շուրջ 40 երիտասարդ։ Մշակութային և կրթական սեմինարը ներառում է հանդիպումներ Վրաստանի խորհրդարանի նախագահի և տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, համայնքային փորձագետների և միջազգային գործընկերների հետ։ Միջոցառման շրջանակներում մասնակիցները կայցելեն նաև Օկուպացիայի թանգարան։