Համբուրգի օդանավակայանը, որտեղ գտնվում է զինված անձը, դեռ փակ է։ Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը մեքենայով ճեղքել է արգելապատնեշը և մտել թռիչքուղի։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով, ժամը 20։00-ի սահմաններում։
Համբուրգի ոստիկանության տվյալներով՝ 35-ամյա տղամարդը չորս տարեկան աղջկա հետ կանգնած է Turkish Airlines-ի ինքնաթիռի տակ։
«Ներկայումս ենթադրում ենք, որ նա ունի հրազեն և, հնարավոր է, անհայտ տեսակի պայթուցիկ սարք։ Հավանաբար տղամարդը երեխայի հետ պատրաստվում էր թռչել Թուրքիա»,- ասվում է Համբուրգի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հայտնել են, որ այս պահին տղամարդու հետ շփվում են թուրքերեն թարգմանչի միջոցով։ Ոստիկանությունից ասում են, որ իրենց առաջնահերթ խնդիրն է պաշտպանել երեխային, ով, ըստ իրենց, ընթացիկ տեղեկությունների համաձայն, ֆիզիկապես լավ է։
Իրավապահները հայտնել են նաեւ, որ երեխայի հնարավոր առեւանգման մասին ավելի վաղ իրենց է դիմել զինված տղամարդու կինը։ Միջադեպի պատճառով Համբուրգի օդանավակայանում երեկ և այսօր նախատեսված չվերթները չեն իրականացվի։
Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը նախատեսված էր 286 չվերթ՝ մոտավորապես 34500 ուղևորներով։