Համազգային քննությունների արդյունքում այս տարի ուսանող է դարձել 16 դատապարտյալ
Համազգային քննությունների արդյունքում այս տարի ուսանող է դարձել 16 դատապարտյալ։ Այս մասին հայտնում են Հատուկ քրեակատարողական ծառայությունում։
«Հատուկ քրեակատարողական ծառայությունը շարունակում է հոգ տանել դատապարտյալների բարձրագույն կրթության մատչելիության և որակի բարձրացման ուղղությամբ։ Համակարգում այս ուղղությամբ բարեհաջող իրականացված բարեփոխումների արդյունքում դատապարտյալներն այս տարի հաջողությամբ հանձնեցին միասնական քննությունները՝ 16 դատապարտյալ դարձավ ուսանող»,- հայտնեցին հատուկ քրեակատարողական ծառայությունից։
Գերատեսչությունը նշում է, որ քրեակատարողական ծառայության առաջնահերթությունը դատապարտյալների կրթության մասին հոգալն է։
«Հենց այդ նպատակով էլ նախորդ տարի ՔԿՀ-ում գործարկվեց «Թվային համալսարանը»։ Նոր հարթակը նրանց համար հնարավորություն է ստեղծում հեռակա կարգով ստանալ բարձրագույն ակադեմիական կրթություն, առցանց հաճախել դասախոսություններին և ինտերակտիվ հաղորդակցություն ունենալ դասախոսների հետ։
Հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող դատապարտյալների թիվը տարեցտարի ավելանում է: Բարելավվել են կրթական գործընթացում անմիջական ներգրավվածության միջոցները: Ընդունելության նախապատրաստական փուլի բոլոր պահանջները բավարարված են։
Կրթության բարձր հասանելիությունը կօգնի ցանկացած դատապարտյալի վերականգնողական-ռեսոցիալականացման և հասարակության մեջ լիարժեք վերաինտեգրման գործում»,- նշում են հատուկ քրեակատարողական ծառայությունից։