Համաշխարհային բանկը կորոնավիրուսի վնասները մեղմացնելու նպատակով Վրաստանին կհատկացնի լրացուցիչ 45 միլիոն եվրո
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Վրաստանում «Տնտեսական կառավարման և մրցունակության զարգացման քաղաքականության միջոցառումների համար» լրացուցիչ 45 միլիոն եվրո քանակությամբ ֆինանսավորում հատկացնելու հարցը: Տեղեկությունը տարածում է Համաշխարհային բանկի Վրաստանի գրասենյակը:
Նրանց փոխանցմամբ, Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորումը Վրաստանի կառավարությանը կօգնի կորոնավիրուսի համավարակի ազդեցությամբ բխած անսպասելի ֆինանսական դեֆիցիտի լրացման գործում:
«Այս բարդ ժամանակաշրջանում մենք, որպես հզոր գործընկեր, Վրաստանի կողքին ենք և աջակցում ենք կառավարության իրականացրած հակաճգնաժամային արագ և արդյունավետ միջոցներին, որի նպատակը մարդու կյանքը փրկելը և նրանց գոյատևման միջոցները պահպանելն է: Համաշխարհային բանկի կողմից հատկացված այս լրացուցիչ ֆինանսական միջոցները երկրի համար ծանր պահին ցուցաբերած պարտադիր օգնություն է»,- հայտարարել է Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տնօրեն Սեբաստյան Մոլենյուսը:
Համաշխարհային բանկի փոխանցմամբ, լրացուցիչ ֆինանսական օգնությունը կապված է «Տնտեսական կառավարման և մրցունակության զարգացման քաղաքականության միջոցառումների համար» մինչ այդ հատկացված 45 միլիոն եվրո քանակությամբ ֆինանսավորման հետ, որը Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել էր 2020 թվականի մարտին:
Ինչպես մեկնաբանում են Համաշխարհային բանկում, ընդգծվել է պետական ռեսուրսների կիրառման արդյունավետության բարելավումը, առավել մրցունակ շուկաներին աջակցությունը:
«Մեր երկրի համար անչափ կարևոր է Համաշխարհային բանկի աջակցությունը, քանի որ այն կոչված է կորոնավիրուսից բխած խնդիրները լուծել: Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերում են Վրաստանում համավարակից բխած տնտեսական վնասը նվազեցնելու և ընդհանրապես, երկրում բարեփոխումների իրականացման ընթացքը պահպանելու համար»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Համաշխարհային բանկի Վրաստանի գրասենյակի փոխանցմամբ, նշված ֆինանսական օգնությունը «Տնտեսական կառավարման և մրցունակության զարգացման քաղաքականության միջոցառումների» շրջանակներում հաշվի առնված երեք փուլից բաղկացած վարկային գործողության երկրորդ փոխանցում է: