ՀԱՄԱՍ-ը հայտարարել է երրորդ ինթիֆադայի սկզբի մասին
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է երրորդ ինթիֆադայի սկզբի մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է երրորդ ինթիֆադայի (պաղեստինյան ընդդիմադիր շարժում) սկզբի մասին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումից հետո: Այս մասին հայտնել է շարժման մամլո քարտուղար Աբդուլաթիվ Ալքանուն:

«Մենք հայտարարել ենք երրորդ ինթիֆադայի սկզբի մասին, որպեսզի բողոքները շարունակվեն և ԱՄՆ-ին ճնշելու համար, որպեսզի նա չեղարկի իր որոշումը: Գազայի հատվածում բողոքի ակցիաներն աճում են ինթիֆադայի սկզբի շրջանակներում: Սա երրորդ ինթիֆադա է»,- հայտարարել է Ալքանուն:

Նա նոր «Ատելության օր» է խոստացել ԱՄՆ-ի որոշման դեմ:

«Բողոքները կշարունակվեն և՛ Հորդանան գետի Արևմտյան ափին, և՛ Գազայի հատվածում, և՛ Երուսաղեմում: Որովհետև մենք բողոքում ենք Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման դեմ, քանի որ մենք այն համարում ենք Պաղեստինի մայրաքաղաքը: Մենք հուսով ենք, որ բողոքի ցույցերն ավելի և ավելի կզարգանան»,- ասել է նա:

Պաղեստինյան առաջին ինթիֆադան (1987-1991) տեղի է ունեցել 1967 թ. գրավված տարածքների՝ իսրայելի օկուպացիայի դեմ: 2000 թ. սկսվել է երկրորդ ինթիֆադան, որի պատճառ է դարձել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի և նրա կողմնակիցների այցը Տաճարի լեռ: