Հակասովետական ապստամբություն կազմակերպելու փորձի համար գնդակահարված հերոսների մասին տեղեկատվական հուշարձան կտեղադրվի
Հակասովետական ապստամբություն կազմակերպելու փորձի համար գնդակահարված հերոսների մասին տեղեկատվական հուշարձան կտեղադրվի Վակեի այգում,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, կկազմակերպվի տարածք, որտեղ կներկայացվեն պատմական տեղեկություններ Վրաստանի Անկախ կոմիտեի ռազմական կենտրոնի, նրա գործունեության ու անդամների մասին։
«2023 թվականի մայիսին լրանում է 100 տարի Վրաստանի Անկախության կոմիտեի ռազմական կենտրոնի անդամների՝ Կոտե Աբխազիի, Ալեքսանդրե Անդրոնիկաշվիլիի, Վարդեն Ծուլուկիձեի, Ռոստոմ Մուսխելիշվիլիի, Գիորգի Խիմշիաշվիլիի և մյուսների գնդակահարությունից՝ հակասովետական ապստամբություն կազմակերպելու փորձի համար։ Նրանք զոհաբերվեցին Վրաստանի անկախության և ազատության համար մղվող պայքարում։ Երկար տարիներ նույնիսկ նրանց հիշատակումն արգելված էր, և այս օրինակելի հերոսության պատմությունը սերնդեսերունդ փոխանցվում էր հիմնականում գաղտնի։ Մենք որոշում ենք կայացրել տեղեկատվական հուշահարձան տեղադրել Վակեի այգում»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նախագծում ներգրավված է նաեւ Վրաստանի պատրիարքարանը։
«Վրաստանի պատրիարքարանը ներգրավված է գործընթացում և համատեղ ջանքերով շուտով կհայտնվի մի տարածք, որտեղ հնարավոր կլինի այգու այցելուներին պատմական տեղեկատվություն տրամադրել Վրաստանի Անկախ կոմիտեի ռազմական կենտրոնի, նրա գործունեության և անդամների մասին»,- ասել է Կախա Կալաձեն։