Հաջորդ տարի պարտքը կաճի ոչ թե 5 միլիարդ 279 միլիոնով, այլ մոտ 2 միլիարդ 479 միլիոն լարիով, – այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Նրա խոսքով, հաջորդ տարի երկիրը կստանա 2 միլիարդ 178 միլիոն լարի՝ միջազգային գործընկերներից բյուջետային օգնության տեսքով, ներդրումային վարկերի տեսքով՝ մեկ միլիարդ 451 միլիոն լարի, միևնույն ժամանակ, նախորդ տարիներին վերցրած պարտքերը կվերադարձվեն 110 միլիոն լարիի չափով:
Ինչպես նշել է Իվանե Մաճավարիանին, հաջորդ տարի ներքին պարտքի զուտ աճ չի լինի:
«Արժեթղթերի թողարկման արդյունքում ստացված ռեսուրսը կօգտագործվի նախորդ տարիների արժեթղթերը ծածկելու համար: Արդյունքում, ընդհանուր պարտքը չի ավելանա, բայց կմարվի 40 միլիոն լարիի չափով: Նման իրավիճակ է եվրապարտատոմսերի դեպքում: Հաջորդ տարի 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր կթողարկվեն, ինչը մեկ միլիարդ 650 միլիոն լարի է, և այդ գումարը կուղղվի 2011 թվականին թողարկված եվրապարտատոմսերի ծածկմանը», – հայտարարել է ֆինանսների նախարարը: