Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև բախումներ են սկսվել

Հորդանան գետի արևմտյան ափի ու Գազայի հատվածի տարբեր մասերում բախումներ են սկսվել պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև, հայտնում է Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչը:

Պաղեստինյան Ռամալլահ քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ քաղաքում ու Պաղեստինի մյուս տարածքներում համընդհանուր գործադուլ է անցկացվում: Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անիվները:

Աղբյուրը նշում է, որ համընդհանուր գործադուլի շրջանակում փակվել են դպրոցները, կրթական այլ հաստատություններ, խանութներ:

Պաղեստինյան իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին կազմակերպել բողոքի ակցիաներ, որպեսզի իրենց ձայնը հասնի միջազգային հանրությանը:

Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի լրացուցիչ գումարտակ, ինչպես նաև՝ հետախուզական և տարածքի պաշտպանության ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ:

Պաղեստինցիներն ի նշան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ բողոքի հանգցրել են քրիստոնյաների համար սրբազան համարվող Բեթղեհեմ քաղաքի Սուրբ Ծննդյան տաճարի մոտ տեղադրված տոնածառի լույսերը:

Հիշեցնենք, որ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած կարճատև ճեպազրույցի ժամանակ: