Հարվի Վայնշտայնի շուրջ սկանդալը շարունակվում է
Հարվի Վայնշտայնի շուրջ սկանդալը շարունակվում է

Բրիտանացի դերասանուհի Կադիան Նոբլը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել ազդեցիկ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտայնի դեմ՝ նրան մեղադրելով իրեն «սեքս-ստրկության» մեջ պահելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, կնոջ պնդմամբ՝ պրոդյուսերը, օգտագործելով իր հզոր ազդեցությունը, ստիպում էր ֆիլմերում դերերի դիմաց սեռական կապի մեջ մտնել իր հետ:

Հայցում Նոբլը մանրամասնել է, որ 2014թ. Վայնշտեյնն իրեն հրավիրել է հյուրանոցային համար ու, դերերի վերաբերյալ բազմաթիվ խոստումներ տալով, ստիպել իր հետ սեքսով զբաղվել:

Մինչդեռ պրոդյուսերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վայնշտայնն առանց կնոջ համաձայնության նրա հետ սեքսուալ կապի մեջ չի մտել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին մի քանի տասնյակ կին Վայնշտայնին մեղադրել է սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար: Նրանց թվում են Կառա Դելևինը, Լեա Սեյդուն ու Անջելինա Ջոլին:

Սկանդալից հետո, Հարվի Վայնշտայնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:

Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:

Վայնշտայնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:

Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։