Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևում միջազգային քննարկումների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։
Պետական անվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով տիրող իրավիճակը և անվտանգության մարտահրավերները։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել ապօրինի, այսպես կոչված սահմանագծման գործընթացի վրա։
Զրույցն անդրադարձել է տարածաշրջանում ի հայտ եկող ամենաբարդ մարտահրավերներին և դրանց հնարավոր ազդեցության հեռանկարներին թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային անվտանգության համատեքստում։
Հատուկ ուշադրություն է դարձվել օկուպացված տարածքներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին անվերապահ ազատ արձակելու խնդրին։
ՊԱԾ-ի հաղորդմամբ, կարևորվեց Տոյվո Կլաարի և ընդհանրապես Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների ակտիվ ներգրավվածությունն ու ջանքերը։
Նշվել է նաև Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMM) հատուկ դերը օկուպացիոն գծի երկայնքով կայունության ապահովման համատեքստում։ Ուշադրություն է հրավիրվել առաքելության կողմից օկուպացված տարածքներ անսահմանափակ մուտքի հրատապ անհրաժեշտության վրա՝ համաձայն մանդատի։
Ընդգծվել է առկա բանակցային ձևաչափերի, մասնավորապես՝ Ժնևի միջազգային քննարկումների և Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հանդիպումների արդյունավետ օգտագործման և հզորացման անհրաժեշտությունը։