Գորիում բողոքում են արտաքին առևտրի արգելքի դեմ և պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ
Գորիում՝ Գուրամիշվիլի փողոցին հարող տարածքում առևտրականներ են հավաքվել։ Նրանք բողոքում են արտաքին առևտրի արգելքի դեմ։
Տեղում են քաղաքապետարանի վերահսկողության ծառայության աշխատակիցները և իրավապահները։ Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, առևտրականներից մեկը վատացել է և անհրաժեշտ է եղել շտապ օգնություն կանչել։
Գորիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը առևտրականներին առաջարկել է այլընտրանքային տարածք Ծմինդածղալիի տարածքում՝ նոր շուկայում, որտեղ նրանք կկարողանան մեկ տարի շարունակել իրենց գործունեությունը խորհրդանշական գնով։ Տեղի առևտրականները համաձայն չեն քաղաքապետարանի առաջարկի հետ։
«Ես այստեղ կանգնած եմ ու ոչ մեկին չեմ խանգարում։ Ես ապրանք չունեմ և չեմ վնասում տարածքը։ Մենք խնդրում ենք, որ մեզ թույլ տան շարունակել առևտուրը, քանի որ մենք այլ ելք չունենք: Մենք բոլորս բանկից գումար ունենք։ Այո, մեզ զգուշացրել էին, բայց այստեղից ոչ մի տեղ չենք կարող գնալ, վաղը նորից վաճառասեղան կբացեմ։ Դե ցայտաղբյուրը չի աշխատում, թող դրան հետևեն։ Խնդրում ենք հանդիպում քաղաքապետի հետ։ Մեզ այլ տարածք են առաջարկել, բայց այն հեռու է, և այնտեղ ոչ ոք չի գնում։ Կարծում եք՝ եթե այնտեղ առևտուր լիներ, չէինք գնա»,- լրագրողներին ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։
Առևտրականներից ոմանք հավաքվել են Գորիի քաղաքապետարանի մոտ և հանդիպում են պահանջում քաղաքապետի հետ։
Ինչպես հայտնի է, քաղաքապետարանի վերահսկողության ծառայության աշխատակիցները երեք շաբաթ առաջ՝ հունիսի 14-ին, զգուշացրել են առևտրականներին տարածքը շինություններից մաքրելու մասին և մեկշաբաթյա ժամկետ տվել տարածքը մաքրելու համար։ Երկու օր առաջ ապամոնտաժվել են շինությունները, ինչին հետևել է առևտրականների բողոքը։