Գոնիոյում անցկացվեց հանրահավաք՝ հողամասերի օրինականացման պահանջով
Գոնիոյում անցկացվեց հանրահավաք՝ հողամասերի օրինականացման պահանջով

Գոնիոյի բնակիչները հերթական բողոքի ցույցն են անցկացրել՝ պահանջելով տնամերձ հողամասերի օրինականացում: Ակցիայի մասնակիցները նշում են, որ հարցը վերջնականապես լուծելու խոստումը ստացել են Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից՝ երկու շաբաթ առաջ: Նրանց խոսքով, նախարար Ջաբա Փուտկարաձեն պետք է հանդիպեր իրենց հետ մեկ շաբաթ առաջ, սակայն նրանք դեռ պատասխան չեն ստացել:

«Նախարարը ասաց, որ կհանդիպի մեզ հետ եւ վերջապես կլուծի մեր հարցը: Մեզ ընդհանրապես ոչ ոք չհանդիպեց: Ես այլևս չեմ հավատում, որ այս խնդիրը երբևէ կլուծվի: Տարիներ շարունակ ապարդյուն խնդրում եմ գրանցել տնամերձ հողամաս: Անհրաժեշտ է միայն, որ նախարարությունը չեղյալ հայտարարի հողի հարկը եւ փաստաթղթերը ուղարկի գրանցամատյան: Հողերի սեփականության ճանաչման հանձնաժողովն արդեն ճանաչել է մեր ունեցվածքը», – ասաց ցուցարարներից մեկը:

Բաթումիի քաղաքային խորհրդում «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Մամուկա Կակաբաձեն Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է հանրահավաքին: Նա երաշխիքներ է տվել բնակչությանը՝ հարցը լուծելու համար:

«Նախարարը կհանդիպի երեքշաբթի, եւ այս հարցը վերջնականապես կլուծվի: Դա ես ձեզ երաշխավորում եմ: Նախորդ իշխանությունն օրինականացրեց այս հողերը, հետո դրանք վերցրեց, իսկ «Վրացական երազանքը» ճանաչեց ձեր սեփականությունը: Մենք կրկին կլուծենք այս հարցը», – ասել է Մամուկա Կակաբաձեն:

Այս երաշխիքները տալուց հետո հանրահավաքը ցրվեց, թեև բնակիչներն ասում են, որ եթե հարցը չլուծվի, նրանք կրկին դուրս կգան փողոց:

Գոնիոյի բնակչության մի մասը պահանջում է սեփականության իրավունքի փոխանցում, որը նրանք դեռևս ունեին խորհրդային տարիներին: Նրանց մի մասին հաջողվեց գրանցել հողամասերը Ստրասբուրգի դատարանում հաղթելուց հետո: