Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1983 թ. ծնված Զ.Մ.-ին և 1978 թվականին ծնված Ի.Ն.՝ ծանր հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Զ.Մ.-ն, Թբիլիսիի Գլդանիում, Շեշելիձե փողոցում, իր ընկերոջ` ամբաստանյալ Ի.Ն.-ի հետ միասին, հողամասի հետ կապված վեճի հիմքով, իր բարեկամ – 1984 թվականին ծնված Ի.Մ.-ի և իր ընկեր՝ 1985 թվականին ծնված Վ.Ա.-ի ուղղությամբ մի քանի կրակոց է արձակել: Հրաձգության ժամանակ վնասվել է Ի.Մ.-ին պատկանող մեքենան: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Մեղադրյալներ դեպքի վայրից դիմել է փախուստի, բայց դեպքից քիչ անց ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է երկու անձանց», – հայտարարում են ՆԳՆ-ում:
Նրանց փոխանցմամբ, իրավապահները Զ.Մ-ի հսկողության տակ գտնվող մեքենայից որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված դիտավորյալ սպանության փորձի և զենք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստով: