Գիտանաս Նաուսեդա. Բացի մեկ-երկու պետությունից, բոլորս համաձայն ենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը լավ է, բայց ոչ բավարար. հաջորդ փաթեթը պետք է ավելի ուժեղ լինի
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը բավարար չէ, հաջորդը պետք է լինի ավելի խիստ, – այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ինչպես նշել է Նաուսեդան, «Պուտինի վրա ազդելու բոլոր լծակները չեն սպառվել»։ Նրա խոսքով՝ այդ լծակները կարելի էր օգտագործել «ավելի համարձակ և հետևողական կերպով»։
«Բացի մեկ-երկու պետությունից, բոլորս համաձայն ենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը լավ է, բայց ոչ բավարար։ Այդ պատճառով մենք պաշտպանում ենք հնարավորինս արագ 18-րդ փաթեթի ընդունումը։ Ես կարծում եմ, այն պետք է լինի ավելի ուժեղ», – հայտարարել է Լիտվայի նախագահը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթը պետք է լինի առավելագույնս սկզբունքային և պարտադիր չէ, որ համապատասխանի այն երկրների շահերին, որոնք հակված չեն Ռուսաստանի դեմ սահմանափակումներին։
«Նոր պատժամիջոցների փաթեթը պետք է ներառի ռուսական նավթի և գազի բոլոր հիմնական սպառողներին՝ Nord Stream 1 և Nord Stream 2 գծերը, ինչպես նաև բոլոր ռուսական բանկերը պետք է դուրս մնան SWIFT համակարգից», – հայտարարել է Նաուսեդան։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել նաև «Ռոսատոմի» դեմ։
«Ես գիտակցում եմ, որ սա կրկին հակասության մեջ կմտնի որոշ երկրների շահերի հետ, բայց մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը մեր՝ բոլորիս ամենակարևոր ռազմավարական շահն է», – հայտարարել է Նաուսեդան։
Եվրամիությունն ու Միացյալ Թագավորությունը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Սանկցիաները տարածվել են «մութ նավատորմի» շուրջ 200 ռուսական նավերի վրա։