Գիտակցության եմ եկել և ցանկանում եմ հայտնել, որ գնալով վիճակս բարելավվում է. Յուլյա Սկրիպալ
Գիտակցության եմ եկել և ցանկանում եմ հայտնել, որ գնալով վիճակս բարելավվում է. Յուլյա Սկրիպալ

Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է Սոլսբերիում թունավորված Յուլյա Սկրիպալի առաջին հայտարարությունը:

Յուլյան շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր իրեն և հորը, Ռուսաստանի պետական անվտանգության նախկին գնդապետ, Սերգեյ Սկրիպալին հայտնաբերել են անգիտակից վիճակում և կանչել շտապ օգնություն:

«Արդեն մեկ շաբաթ է ինչ գիտակցության եմ եկել և ցանկանում եմ հայտնել, որ գնալով վիճակս բարելավվում է»,-ասել է Յուլյա Սկրիպալը:

Հատկանշական է, որ մինչ այդ ռուսական հեռուստաալիքները տարածել են 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլյայի և լրտեսի եղբոր դուստր Վիկտորյա Սկրիպալի հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությունը:

Զրույցի ժամանակ Յուլյա Սկրիպալը ասում է, որ «ամեն ինչ լավ է, ամեն ինչ լուծելի է, բոլորն ապաքինվում են, բոլորը լավ են»:

Պատասխանելով իր հոր վիճակի մասին հարցին՝ Յուլյան պատմել է, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ է և որ նա քնած է: Աղջիկը նաև նշել է, որ «բոլորի առողջությունը նորմալ է, ոչ ոք անուղղելի խնդիրներ չունի», ու ասել է, որ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

Ինչպես նշել են հաղորդավարները, հեռախոսազրույցի ձայնագրությունը փոխանցել է Վիկտորյա Սկրիպալը: Վերջինիս խոսքով՝ հեռախոսազրույցը կայացել է նախօրեի երեկոյան:

 Ընդ որում՝ հաղորդավարներն ասել են, որ չեն կարող հաստատել հեռախոսազրույցի իսկությունը:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվածի համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Մոսկվային, Մոսկվան հերքում է մեղադրանքները։