Գիորգի Ղարղարաշվիլին դիմում է Գիա Բարամիձեին – «Խոստովանիր, որ սխալվել ես, տղամարդավարի ներողություն խնդրիր՝ առանց որևէ բացառության»
«Գի՛ա, դու չգիտես, թե ինչ զգացողություն է պատերազմում եղբոր կամ ընտանիքի անդամի կորուստը, և իզուր ես խոսում նրանց փոխարեն: Ես նրանցից մեկն եմ, ում եղբորը սպանել են պատերազմում: Չարացա՞: Վրեժխնդրության ու թշնամանքի զգացում առաջացա՞վ ինձ մոտ: Հարցրու ուրիշներին էլ՝ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին, նրանցից լսե՞լ ես ատելության ու թշնամանքի զգացում», – այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Գիորգի Ղարղարաշվիլին՝ դիմելով «Ազգային շարժման» անդամ Գիա Բարամիձեին:
Գիորգի Ղարղարաշվիլին Գիա Բարամիձեին կոչ է անում ընդունել, որ սխալվել է, և տղամարդավարի ներողություն խնդրել՝ առանց որևէ բացառության:
«Միակ պատճառը, որի համար ներքաշվեցի բանավեճի մեջ, այն էր, որ ամբողջական պատկերը չիմացությունը չխեղաթյուրեր իրականությունը, և ոչ թե «Երազանքի» հետ իմ մտերմության վերաբերյալ արձագանքը: Կամ որտե՞ղ տեսավ այդ մտերմությունը. որևէ ակտիվության մասնակցեցի՞, թե՞ որևէ արտոնությունից եմ օգտվում: 1.2 միլիոն քաղաքացիների շարքում ընտրող լինելը եթե մտերմություն է, ապա երբեմնի իրենց հետ էլ ինձ կապում էր նման մտերմություն: 2005 թվականից իրենք իսկ հասարակության բևեռացում առաջացրին և ինձ դարձրին անընդունելի, անցանկալի անձ: Երբ ներողություն խնդրեց, համարեցի, որ իմ առաքելությունը կատարել եմ և այս աղմուկի մեջ այլևս չէի պատրաստվում միջամտել, քանի որ ես չեմ միանում վետերանների մի խմբի բողոքին: Ցավոք, երբ տեսա հետագա հայտարարությունները, հասկացա, որ նա ոչինչ չի հասկացել:
Այս անգամ ուղղակիորեն դիմում եմ. Գի՛ա, դու չգիտես, թե ինչ զգացողություն է պատերազմում եղբոր կամ ընտանիքի անդամի կորուստը, և իզուր ես խոսում նրանց փոխարեն: Ես նրանցից մեկն եմ, ում եղբորը սպանել են պատերազմում: Չարացա՞: Վրեժխնդրության ու թշնամանքի զգացում առաջացա՞վ ինձ մոտ: Հարցրու ուրիշներին էլ՝ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին, նրանցից լսե՞լ ես ատելության ու թշնամանքի զգացում: Դրա համար էլ իմ «Հայրենիքի հույսին» (Samshoblos amara) գրքում աբխազներին ամենուր հիշատակում եմ որպես հակառակորդների, այլ ոչ թե թշնամիների: Չե՞ս զգում, որ սա արդեն վերածվել է տեսարանի, որով հիանում են մեր երկրի չկամները: Ընդունի՛ր, որ սխալվել ես, տղամարդավարի ներողությո՛ւն խնդրիր՝ առանց որևէ բացառության: Ասա՛, որ իսկապես ծանոթ չէիր իրականությանը, կամ կարդա՛ իմ գիրքը («Հայրենիքի հույսին») և ինքդ կհամոզվես, թե որքան բան չես իմացել գերիներ վերցնելու և նրանց ազատ արձակելու մասին», – գրում է Գիորգի Ղարղարաշվիլին:
Հիշեցնենք, որ «Ազգային շարժման» անդամ Գիա Բարամիձեն հայտարարել էր. «Աբխազիայում պատերազմի ժամանակ վրացի զինվորականները գնդակահարում էին գերիներին, և աբխազական կողմն այդ պատճառով գերիներ չէր տալիս»:
Ավելի ուշ Գիա Բարամիձեն պարզաբանել էր իր խոսքերը. «Երբ մարդու հորը կսպանեն, որդուն կսպանեն, զարմիկին կսպանեն, հարազատին կսպանեն՝ զարմանալի չէ նրանցից, որ չխնայեն թշնամուն: Դա սովորական բան է»: