Գիորգի Գախարիան Վրաստանի քաղաքացիներին շնորհավորել է Սվետիցխովլոբա տոնի առթիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանի քաղաքացիներին Մցխեթա քաղաքից շնորհավորել է Սվետիցխովլոբա տոնի առթիվ:
Ինչպես հայտարարել է վարչապետը, Սվետիցխովլոբա տոնը միավորում է Վրաստանի քաղաքացիներին և այդ միասնությամբ հնարավոր է հաղթահարել նաև կորոնավիրուսը:
«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու շնորհավորում եմ Սվետիցխովլոբա տոնի կապակցությամբ: Սվետիցխովլոբան այլևս կրոնական տոն չէ, այն պետական տոն է, որը միավորում է: Այդ միասնությունն, իհարկե, անչափ մեծ նշանակություն ունի այսօր, երբ դժվար կացության մեջ ենք: Վստահ եմ, Վրաստանի քաղաքացիները, բժիշկները, վրաց եկեղեցին, կառավարությունը միասին կհաղթենք և այս միասնությամբ կարող ենք հաղթահարել նույնիսկ ամենամեծ թշնամուն, ինչպիսին է վարակը»,- հայտարարել է Գախարիան:
Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սվետիցխովլոբայի տոնը: Սվետիցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ, հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Հոկտեմբերի 14-ին եկեղեցին ոգեկոչում է Քրիստոսի հանդերձանքը, իսկ հուլիսի 13-ին`Քրիստոսի բոլոր առաքյալներին: