Գիորգի Գախարիան Մյունհենում անցկացնելու է բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ
Վրաստանի պատվիրակությունը, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, կմասնակցի Մյունհենի անվտանգության կոնֆերանսին: Գործնական այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ներկա է գտնվելու Մյունհենի 56-րդ անվտանգության կոնֆերանսի բացման նստաշրջանին:
Գիորգի Գախարիան կոնֆերանսի շրջանակներում անցկացնելու է բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ:
Մյունհենն անվտանգության 56-րդ ամենամյա կոնֆերանսը հյուրընկալելու է փետրվարի 14-16-ը ներառյալ:
Քաղաքական, գործարար, ակադեմիական օղակների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչները քննարկելու են առկա ճգնաժամները և առաջիկա անվտանգության մարտահրավերները:
Քննարկումների գլխավոր թեման է լինելու, թե ինչ է նշանակում Արևմուտք հասկացությունը, ինչ է նշանակում Արևմուտքի պատասխանատվությունը:
Բավարիայի մայրաքաղաքում առաջին անգամ սպասում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Միջոցառումը բացելու է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Բավարիայում 35 պետության ղեկավար անձանց հետ միասին սպասում են նաև Ամերիկայի պետական քարտուղարին, Ադրբեջանի, Լիտվայի, ինչպես նաև՝ Աֆղանստանի նախագահներին: