«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին:
«Հանուն Վրաստանի» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության մեջ նշված է, որ Ֆիլիպ Ռիքերը և Գիորգի Գախարիան քննարկել են ԱՄՆ-Վրաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր հարցերը:
Ըստ կուսակցության, հատուկ ուշադրություն է դարձվել երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին:
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ընթացիկ քաղաքական իրադարձությունները: Գիորգի Գախարիան մանրամասն խոսել է իր կուսակցության և իր քաղաքական ծրագրերի մասին:
Ըստ «Հանուն Վրաստանի» կուսակցության, Գիորգի Գախարիան և Ֆիլիպ Ռիքերը պայմանավորվել են, որ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում:
Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կախաբեր Կեմոկլիձեն: