Գիորգի Գախարիան՝ Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակման մասին. Ամեն բան կլինի լավ, ինչպես դա հարիր է Արևմտյան ընտանիքի արժանի անդամ Վրաստանին
Կիբերտարածքը միայն Վրաստանի խնդիրը չէ և ռիսկեր պարունակող կիբերտարածքը գլոբալ մարտահրավեր է,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Բաթումիում:
Նրա խոսքով, կիբերհարձակման հետ կապված հետաքննությունն անցկացվել է ռազմավարական գործընկերի հետ միասին և այդ գործընթացը շարունակվում է:
«Կիբերհարձակման գործով ռազմավարական գործընկերների աջակցությամբ անցկացրեցինք հետաքննություն և այս գործընթացը շարունակվում է: Կիբերտարածքը միայն Վրաստանի խնդիրը չէ և ռիսկեր պարունակող կիբերտարածքը գլոբալ մարտահրավեր է: Ամեն բան կլինի լավ, ինչպես դա հարիր է Արևմտյան ընտանիքի արժանի անդամ Վրաստանին՝ իր գործընկերների հետ միասին»,- հայտարարել է վարչապետը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակումն իրականացրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Վրաստանում լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Խնդիրներ են ծագել հարյուրավոր կայքէջերում, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքէջում: Ժամանակավորապես խափանվել է Վրաստանի ռադիոյի հեռարձակումը:
Կիբերհարձակում է իրականացվել նաև Վրաստանի նախագահի վարչության կայքէջի վրա:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննությունն է սկսել ՔՕ-ի 284-րդ և 286-րդ հոդվածներով: