Գիորգի Գախարիա. Վրաստանի համար համավարակը պետք է դառնա տնտեսական վերածննդի նոր հնարավորություն
Վրաստանի համար համավարակը, այս գլոբալ մարտահրավերը, պետք է դառնա տնտեսական վերականգնման և առաջընթացի, տնտեսական վերածննդի նոր հնարավորություն,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Բաթումիում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ անցկացվել է կարևոր հանդիպում:
«Մենք մի քանի օր առաջ ներկայացրել ենք էկոնոմիկայի բացման կոնկրետ ծրագիր, որտեղ զբոսաշրջությունը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ: Հիշեցնեմ, որ զբոսաշրջությունն ամենաշատը տուժած տնտեսական սեկտորն է, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ դա չի նշանակում, որ մեր հնարավորությունները պետք է սահմանափակենք: Հակառակը, ես այսօր զրուցել եմ իմ գործընկերների հետ և հաճախ կրկնելու եմ, որ մենք պետք է այս ճգնաժամը օգտագործենք որպես հնարավորություն: Ընդհանրապես, Վրաստանի համար համավարակը, այս գլոբալ մարտահրավերը, պետք է դառնա տնտեսական վերականգնման և առաջընթացի, տնտեսական վերածննդի նոր հնարավորություն: Մենք խոսում ենք գլոբալ մրցունակության մասին, որտեղ կարող ենք ասել, որ Վրաստանն ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի այս ճգնաժամն օգտագործի որպես հնարավորություն: Վրաստանը կարող է գլոբալ մրցունակության մեջ, տարեսկզբի համեմատ, բարելավել իր դիրքերն էկոնոմիկայի տարբեր սեկտորներում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: