Գիորգի Գախարիա. Վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները
Վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին, որտեղ ամփոփել է Ադրբեջան կատարած այցը:
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսքը վերաբերել է նաև Դավիթ Գարեջիի հարցին:
«Մենք չէինք կարող շրջանցել այնպիսի կարևոր թեման, ինչպիսին էր Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Բոլորս գիտենք, որ ցավոք, Վրաստանի և Ադրբեջանի միջև կան սահմանի որոշ հատվածներ, որոնք սահմանված չեն, սա մեր հետխորհրդային ժառանգությունն է և 25 տարի է, այն չի հաջողվում լուծել: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ մենք ունենք պատմություն և աշխարհագրություն, որը կապում է մեզ և, իհարկե, լիովին համաձայն եմ դրա հետ, քանի որ բարեկամներին և գործընկերներին աշխարհագրությունը և պատմությունը ոչ թե բաժանում է, այլ՝ կապում:
Որպես արդյունք կարող եմ ասել, որ վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները և համապատասխանաբար, քայլ առ քայլ այս ուղղությամբ ևս պետք է ունենանք լուրջ առաջընթաց»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցով երեկ գտնվում էր Ադրբեջանում: