Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ողջ հասարակությանը՝ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
«Այսօր սեպտեմբերի 15-ն է, և մենք սկսում ենք նոր ուսումնական տարին երկրի դպրոցներում։ Այս կարևոր օրվա կապակցությամբ ուզում եմ հատկապես շնորհավորել մեր առաջին դասարանցիներին, ովքեր այս տարի առաջին անգամ են բացելու դպրոցի դռները։ Շնորհավորում եմ աշակերտներին, ծնողներին, մեր ուսուցիչներին և մաղթում հաջող ուսումնական տարի։ Բոլոր առաջին դասարանցիներին մաղթում եմ հետաքրքիր, անմոռանալի և արկածային տարի դպրոցում։
Անձամբ ես՝ որպես ԿԳ նախարար, լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և անելու եմ հնարավորը, որպեսզի դպրոցներում ապահովվի առողջ կրթական միջավայր, և յուրաքանչյուր աշակերտ գիտելիքների հետ միասին ստանա արժեքավոր կենսափորձ։ Ես և իմ թիմը ակտիվորեն սկսեցինք աշխատել հանրակրթության զարգացման ուղղությամբ։ Մեր հիմնական առաջնահերթություններից է հոգ տանել դպրոցների բարելավման համար, ներառյալ աշակերտակենտրոն ուսումնական գործընթացի խթանումը, ուսուցիչներին աջակցելն ու գնահատելը: Հավատում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր մարտահրավերները և մեր երեխաների համար կստեղծենք ավելի լավ կրթական միջավայր և ենթակառուցվածք, որտեղ նրանք կշարունակեն ստանալ որակյալ կրթություն»,- ասվում է Ամիլախվարիի շնորհավորանքում։
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Վրաստանի դպրոցներում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարին։
Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նոր ուսումնական տարում ավելի քան 55 հազար առաջին դասարանցիներ կսկսեն սովորել հանրակրթական ուսումնական հաստատություններում։