Գիորգի Ամիլախվարին ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին հյուրընկալել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևին, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի (ADA Universiteti) ռեկտոր Հաֆիզ Փաշաևին և պատվիրակության մյուս անդամներին:
Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախարարությունում կայացած հանդիպմանը նախարարները քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման հարցերը և համատեղ նախագծերի իրականացման ուղիները։
Գիորգի Ամիլախվարին շնորհակալություն է հայտնել Էմին Ամրուլաևին արդյունավետ գործընկերության համար և դրական է գնահատել երկու երկրների սերտ համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում։ Զրույցն անդրադարձել է դպրոցական դասագրքերի, ուսուցիչների որակավորման բարձրացման խնդիրներին։
Հանդիպումից հետո Թբիլիսիի պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը և Քութայիսիի միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հետ՝ կրթական և մշակութային հարաբերությունների խորացման նպատակով։
Նշենք, որ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համատեղ փոխանակման ծրագրեր, հետազոտական նախագծեր եւ մասնագիտական վերապատրաստումներ՝ ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների մասնակցությամբ։ Բացի այդ, հուշագրով նախատեսվում է աջակցություն տարբեր սեմինարների, գիտաժողովների, մշակութային ծրագրերի իրականացմանը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։