Գինու ազգային գործակալություն. Կախեթիում խաղողն ամբարել է շուրջ 13 200 խաղողագործ, նրանց բերքի 99%-ը բարձր և միջին որակի է
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Կախեթիում վերամշակված 182 210 տոննա խաղողից 180 560 տոննան բարձր և միջին որակի է, ինչը ամբողջ բերքի 99%-ն է: Հանձնված խաղողի միայն 1%-ն է անորակ և տհաս:
Գինու ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ վերամշակված խաղողից 92,1 հազար տոննան Սափերավի է, մինչև 77,4 հազար տոննան՝ Ռքածիթելի, իսկ մնացածը՝ այլ սորտերի խաղող:
Կախեթիում խաղողի բերքն ամբարել է շուրջ 13 200 խաղողագործ: Պետական «Բերքի կառավարման ընկերություն» ՍՊԸ-ն խաղողագործներից խաղող է ընդունում Կախեթիի տարբեր մունիցիպալիտետների 22 վայրերում:
Բերքահավաքը Կախեթիում պիկ փուլում է. օրական վերամշակումը կազմում է 13-14 հազար տոննայի սահմաններում:
Բերքահավաքը կազմակերպված անցկացնելու և բերքն ամբողջությամբ իրացնելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, ավելցուկային բերքի դեպքում բոլոր խաղողագործները կկարողանան տեղավորել իրենց բերքը: Այս նպատակով «Բերքի կառավարման ընկերություն» ՍՊԸ-ն Կախեթիում աճեցված խաղողը ֆիզիկական անձանցից ընդունում է սահմանված պայմաններին համապատասխան. Սափերավիի գինը, որի շաքարայնությունը 20%-ից ոչ պակաս է, 1 կգ-ի համար կազմում է 1,50 լարի, 16%-ից մինչև 20%-ի դեպքում՝ 1,00 լարի, իսկ 16%-ից ցածր շաքարայնության դեպքում՝ 50 թեթրի:
Ռքածիթելիի և գինու այլ սորտերի խաղողի դեպքում 19%-ից ոչ պակաս շաքարայնության գինը 1,30 լարի է, 16%-ից մինչև 19%-ի դեպքում՝ 90 թեթրի, իսկ 16%-ից ցածրի դեպքում՝ 50 թեթրի:
Խաղողի ընդունման գործընթացը համակարգում է Գուրջաանի քաղաքում տեղակայված Բերքահավաքի համակարգող շտաբը: Բերքահավաքի հետ կապված տեղեկատվություն կարելի է ստանալ թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 1501 և 032 2 19 37 18: