Գինու ազգային գործակալության աջակցությամբ այս տարվա վեց ամսում վրացական գինին ներկայացվել է աշխարհի 11 երկրներում 35 տարբեր միջոցառումների
Գինու ազգային գործակալության ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ այս տարվա վեց
ամսում, վրացական գինի արտադրող տարբեր ընկերությունների, փոքր և միջին գինեգործարանների արտադրանքը ներկայացվել է՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Նիդեռլանդներում, Լատվիայում, Չինաստանում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում և Դանիայում։
Գինու ազգային գործակալության տվյալներով՝ վրացական գինեգործական ընկերությունները մասնակցել են այնպիսի միջազգային ցուցահանդեսների, ինչպիսիք են՝ VinExpo Paris, Foodex Japan, Vinexpo New York, ProWein, The 108th China Food &, Drinks Fair, London Wine Fair, Seoul Wine and Spirits Expo և այլն:
«Գինու ազգային գործակալության աջակցությամբ, ընդհանուր առմամբ, վրացական գինին ներկայացվել է 10 միջազգային ցուցահանդեսների, ինը փառատոների և 16 համտեսների։ Նման ցուցահանդեսներին մասնակցելով՝ վրացի գինի արտադրողներին հնարավորություն է տրվում իրենց արտադրանքը ներկայացնել գինու մասնագետներին, ներկրողներին, առևտրի և ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներին, ինչը վրացական գինու նկատմամբ հետաքրքրության և վաճառքի աճի հիմնական նախապայմաններից է։ Նշենք, որ պետության կողմից վրացական գինու խթանման ծրագրի 2023 թվականի բյուջեն սահմանվել է 14 մլն լարի, ինչը 2 մլն լարիով ավելի է 2022 թվականի բյուջեից։
Վրացական գինու համար ռազմավարական շուկաներ են ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Բացի ռազմավարական շուկաներից, վրացական գինին ներկայացված է եվրոպական տարբեր երկրներում կարևոր միջազգային ցուցահանդեսներին և համտեսներին։ Վրացական գինու խթանման ծրագրի շրջանակներում ամբողջ Վրաստանում անցկացվում են գինու ցուցահանդեսներ, մրցույթներ, շրջագայություններ և փառատոներ, ինչը կարևոր է գինու զբոսաշրջության ներուժը լիարժեք օգտագործելու և գինու սպառողական մշակույթի բարձրացման համար։ Կարևոր է նշել, որ 2023 թվականից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գյուղատնտեսական ծրագիրը ներառվել է վրացական գինու խթանմանն աջակցող միջոցառումների մեջ։ Գինու ազգային գործակալության հետ ստորագրված հուշագրի շրջանակներում մարքեթինգային միջոցառումներ են անցկացվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և Հարավային Կորեայում»,- հայտնել են Գինու ազգային գործակալությունից։