Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ստորագրել են համատեղ փաստաթղթեր՝ կապված միջին միջանցքի կարողությունների բարելավման հետ
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին Վրաստանի կառավարական պատվիրակության հետ միասին մասնակցել են Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացմանն առնչվող քառակողմ հանդիպմանը։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը կայացել է Ղազախստանի Ակտաու քաղաքում։ Նրանց տվյալներով՝ Ակտաուի հանդիպմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլին։
«Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են զարգացնել Միջին միջանցքի ենթակառուցվածքային բաղադրիչներն ու գործառնական ուղղությունները։
Վրաստանի փոխվարչապետն իր ելույթում կենտրոնացել է Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկված կարևոր քայլերի վրա։ Նրա խոսքով, 2014 թվականի համեմատ, երբ առաջին անգամ սկսվեց կոնտեյներային գնացքների տեղաշարժը միջին միջանցքով, 2021 թվականին զգալի աճ է նկատվել, և Չինաստան-Եվրոպա կոնտեյներային փոխադրումները Վրաստանի տարածքով գերազանցել են 10 հազար TEU-ը։
Լեւան Դավիթաշվիլիի խոսքով, կարեւոր է միջանցքի հետ կապված ենթակառուցվածքների եւ այլ ուղղությունների զարգացումը։ Նա շեշտը դրեց Սև ծովի տրանսպորտային ուղիների և միջանցքների թվայնացման անհրաժեշտության վրա։
Հանդիպմանը Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի կողմերն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել համատեղ միջոցներ ձեռնարկել միջին միջանցքի արդյունավետությունն ու գրավչությունը բարձրացնելու համար»,- ասվում է նախարարության տեղեկատվության մեջ։