Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է երկու տարի առաջ, ուստի՝ այս համատեքստում քննարկելու բան չկա, եկել է ժամանակը գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար.Իլհամ Ալիև

20:57, 31.10.2022

«Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց երկարամյա հակամարտությանը։ Եկել է ժամանակը խոսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն այս ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ ղարաբաղյան հակամարտությանը անդրադառնալիս:

Ալիևի խոսքով, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով հնարավոր է կարգավորել հարաբերությունները:

«Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում Ձեր ունեցած դերի համար։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որով վերջ դրվեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա ժամանակն է գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Մենք բարձր ենք գնահատում ձեր դերն այս ուղղությամբ։ Ադրբեջանը առաջ քաշեց հինգ էական սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի հարաբերությունների կարգավորումը։ Սրանք մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն են և կարծում եմ, որ դրանց հիման վրա հնարավոր է կարգավորել հարաբերությունները։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում քննարկելու բան չկա»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նմանատիպ