Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հայտարարվել է աջ ծայրահեղական կազմակերպություն

14:11, 02.05.2025

Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հայտարարվել է աջ ծայրահեղական կազմակերպություն։ Համապատասխան որոշումը կայացրել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը, որը մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել է կուսակցության գործունեությունը։

Գերմանական մեդիայի փոխանցմամբ՝ զեկույցը ներառում է ավելի քան 1 100 էջ և պարունակում է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են կուսակցության հակասահմանադրական բնույթի մասին։ Սա չի նշանակում, որ կուսակցությունը արգելված է, սակայն ծառայություններին ավելացվում են վերահսկողության իրավասություններ, ինչը հնարավոր է դարձնում հանդիպումների դիտարկումն ու հեռախոսային զրույցների գաղտնալսումը։

Գերմանական մեդիայի գնահատմամբ՝ քաղաքական դեբատները կուսակցության հնարավոր արգելման շուրջ, ամենայն հավանականությամբ, նոր թափ կստանան։ Բունդեսթագը կամ դաշնային կառավարությունը կարող են արգելքի պահանջով դիմել Սահմանադրական դատարան։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն վերջին շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում և նույնիսկ առաջին տեղն է զբաղեցրել վարկանիշային ցուցակներում։ Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքում այն ստացել է 152 մանդատ՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախկինում ու դարձել է հիմնական ընդդիմադիր ուժը։ Կուսակցության աջակցությունն առավելապես բարձր է արևելյան դաշնային երկրամասերում։

Նմանատիպ