Գերմանիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն ուղղված է ապաստանից մերժված մարդկանց ավելի հեշտ և արագ արտաքսմանը
Գերմանիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն ուղղված է ապաստան ստանալուց մերժված մարդկանց ավելի հեշտ և արագ արտաքսմանը,- հայտնում է «Deutsche Welle»-ն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս քայլով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կոալիցիոն կառավարությունը փորձում է զբաղվել անօրինական միգրացիայի և դրա հետ կապված հարցերով։
Օրինագծի համաձայն՝ մինչև արտաքսումը կալանքի օրինական առավելագույն ժամկետը 10 օրից երկարացվել է մինչև 28 օր։ Իշխանությունները ավելի շատ լիազորություններ կունենան խուզարկություններ իրականացնելու հարցում: Օրինակ՝ նոր օրինագիծը թույլ կտա ոստիկաններին մտնել հանրակացարան և ոչ միայն արտաքսվողի սենյակ։
«Մենք կապահովենք, որ մարդիկ, ովքեր իրավունք չունեն մնալու, հեռանան մեր երկրից ավելի արագ», – ասել է ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը:
Նրա խոսքով՝ օրենքը իշխանություններին կօգնի նաեւ կազմակերպված հանցավորության, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։