Գերմանիայի տարածքային ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ առաջատար է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը
Գերմանիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը հաղթել է Թյուրինգիայում, իսկ Սաքսոնիայում՝ անցել է երկրորդ տեղը:
Ձայների հաշվարկից հետո նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Թյուրինգիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքել է ձայների 32,8 տոկոսը։ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ծայրահեղ աջերը հաղթում են տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններում։
Պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» 23,6 տոկոս ձայնով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նրան հաջորդում է նորաստեղծ ձախակողմյան «Սառա Վագենկնեխտի միությունը»՝ ձայների 15,8%-ով։
Գերմանիայի կառավարական կոալիցիայի կուսակցությունները թույլ արդյունքներ են ցույց տվել։ Կանցլեր Օլաֆ Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» ստացել է ձայների 6,1 տոկոսը։ «Կանաչներն» ու «Ազատ դեմոկրատները» չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:
Սաքսոնիայում նախնական արդյունքներով հաղթել է «Քրիստոնեադեմոկրատական միությունը»՝ հավաքելով ընտրողների 31,9 տոկոսը, նրան փոքր-ինչ զիջում է «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 30,6 տոկոս ձայնով։ Երրորդ տեղը զբաղեցրած «Սառա Վագենկնեխտի միության» օգտին քվեարկել է ընտրողների 11,8 տոկոսը։
«Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» Սաքսոնիայում հավաքել է ձայների 7,3 տոկոսը, իսկ «Կանաչները»՝ 5,1 տոկոս։
Այս արդյունքները նշանակում են, որ այս մարզերում կառավարության ձևավորման գործընթացը բարդ է լինելու։ «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» հայտարարում է, որ մտադիր չէ կոալիցիա կազմել «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության հետ։
Տարածաշրջանային ընտրություններն անցկացվել են դաշնային խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ։
Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։