Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարում է, որ Գերմանիան պետք է շարունակի ԱՄՆ-ից սպառազինության, այդ թվում՝ կործանիչների գնումը

20:50, 14.07.2026

Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանից բխող սպառնալիքը զսպելու համար Գերմանիան պետք է շարունակի ԱՄՆ-ից փորձարկված սպառազինության, այդ թվում՝ կործանիչների գնումը, չնայած նրան, որ Եվրոպան փորձում է զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը երկարաժամկետ հեռանկարում։

Գեներալ-լեյտենանտ Հոլգեր Նոյմանը «Politico»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայում ժամանակակից ռազմական կարողությունների զարգացումը ժամանակ է պահանջում, մինչդեռ ՆԱՏՕ-ի առջև ծառացած մարտահրավերներն անհապաղ արձագանք են պահանջում։

Նոյմանի հայտարարությամբ՝ եվրոպական պաշտպանական արդյունաբերությունն ունի զգալի հնարավորություններ, սակայն նորագույն ռազմական տեխնոլոգիաների զարգացման հարցում չի կարողանում հասնել ԱՄՆ-ի տեմպերին։

Նրա խոսքով՝ այս փուլում գլխավոր նպատակն է առկա կարողությունների արագ համալրումն այնպես, որ հրաժարում չլինի եվրոպական պաշտպանական նախագծերից։

«Սեփական կարողությունների զարգացումը ժամանակ է պահանջում։ Իսկ հիմա մենք ժամանակ չունենք», – հայտարարել է գեներալ-լեյտենանտը։

Նոյմանի մեկնաբանությունը հնչում է այն ֆոնին, երբ Բրյուսելը երկրներին կոչ է անում նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից և պաշտպանական միջոցներ ձեռք բերել եվրոպական արտադրողներից։ Այնուամենայնիվ, Գերմանիան 2022 թվականի դեկտեմբերին արդեն գնել է 35 միավոր ամերիկյան F-35A տիպի կործանիչ, որոնց համար հատկացվել է 8.3 միլիարդ եվրո։ Այս ինքնաթիռները կփոխարինեն հնացած Tornado-ներին. դրանք ՆԱՏՕ-ի միջուկային համատեղ օգտագործման ծրագրի շրջանակներում կարող են կրել միջուկային զենք։ Նոյմանի հայտարարությամբ՝ F-35-ների առաջին խմբաքանակը պատրաստ կլինի սեպտեմբերին և մինչև 2027 թվականի վերջը կտեղակայվի Բյուխելի ավիաբազայում այն բանից հետո, երբ գերմանացի օդաչուները կանցնեն դրանց կառավարման վերապատրաստումը։

«Politico»-ի տեղեկություններով՝ Գերմանիայի կառավարությունը ևս 15 միավոր F-35 ձեռք բերելու համար հատկացրել է ավելի քան երկու միլիարդ եվրո, սակայն վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ։

Գերմանիան գնում է նաև Eurofighter-ներ, որոնք պետք է ստանա 2031-2034 թվականներին։ Սակայն, ինչպես նշում է Նոյմանը, սա կլինի 4-րդ սերնդի կործանիչների ձեռքբերման վերջին գործարքը, և 2035 թվականից երկիրը կգնի միայն 5-րդ կամ ավելի կատարելագործված սերնդի կործանիչներ։

Նմանատիպ