Գերմանիայի կառավարությունը 27 մլն եվրո կհատկացնի Վրաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար
Այսօր Վրաստանի և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ «Տնտեսության կայունացում էներգետիկայի ոլորտի բարեփոխումների աջակցությամբ», որի համաձայն Վրաստանին հատկացվելու է 27 միլիոն եվրո բյուջետային աջակցության ֆինանսական միջոցներ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վերակառուցման վարկային բանկի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ Կրեսը։
Միջոցառմանը ներկա էր Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերը։
«Համաձայնագիրը ենթադրում է էներգետիկ ոլորտի բարեփոխումների հինգերորդ փուլի իրականացում, որը նախատեսում է Վրաստանի կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին աջակցություն։ Այս համաձայնագրով Վրաստանի կառավարությունը կշարունակի իրացնել վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շուկայական ուղղվածություն ունեցող էլեկտրաէներգիայի ներուժը»,- ասվում է տեղեկատվության մեջ։