Գերմանիայի կառավարության կողմից ընդունված օրենքը ոստիկանությանը թույլ կտա խոցել անօդաչու թռչող սարքեր
Գերմանիայի կառավարության կողմից ընդունված օրենքը ոստիկանությանը թույլ կտա խոցել անօդաչու թռչող սարքեր

Գերմանիայում իրավապահ մարմիններին իրավունք կտրվի խոցել անօդաչու թռչող սարքերը։ Երկրի դաշնային կառավարությունն ընդունել է նոր օրենք, որը սպասում է խորհրդարանի հաստատմանը, ոստիկանությանը թույլ կտա խոցել Գերմանիայի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը։

Ինչպես սոցիալական ցանցերում գրել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, դաշնային ոստիկանության լիազորությունները կամրապնդվեն։

«Անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը սպառնալիք են մեր անվտանգության համար։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք ամրապնդում ենք դաշնային ոստիկանության լիազորությունները, որպեսզի ապագայում անօդաչու թռչող սարքերը կարողանան ավելի արագ հայտնաբերվել և արձագանքվել», – գրել է Ֆրիդրիխ Մերցը։

Ռոյթերսը հաղորդում է, որ նոր օրենքը ընդունվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին Մյունխենի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի պատճառով տասնյակ չվերթներ շեղվել կամ չեղարկվել են, ինչը ազդել է ավելի քան 10,000 ուղևորի վրա։

Նոր օրենքով Գերմանիան միանում է եվրոպական երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Լիտվային և Ռումինիային, որոնք վերջերս անվտանգության ուժերին լիազորություն են տվել խոցել իրենց օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը։

Deutsche Flugsicherung (DFS)-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի վերջը Գերմանիայում անօդաչու թռչող սարքերի հետ կապված օդային երթևեկության 172 խափանում է գրանցվել։