Գերմանիայի կանցլերի ընտրության երկրորդ քվեարկությունը կանցկացվի մի քանի ժամում
Գերմանիայի կանցլերի ընտրության երկրորդ քվեարկությունը կկայանա մի քանի ժամից։
«Քրիստոնեա-դեմոկրատական միության» անդամ Յենս Շպանը կոչ է անում օրենսդիրներին դրսևորել պատասխանատվություն և աջակցել կոալիցիայի թեկնածուին։
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը առաջին քվեարկության ժամանակ Բունդեսթագում չկարողացավ ստանալ անհրաժեշտ քվեների քանակը՝ կանցլեր դառնալու համար։
Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ կանցլեր ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա Բունդեսթագի անդամների բացարձակ մեծամասնությունը, այսինքն՝ անդամների կեսը գումարած մեկ ձայն։ Այս պահանջը երբեմն անվանում են «կանցլերի մեծամասնություն»։ Եթե առաջին փուլում թեկնածուն չի ստանում այդ քվեները, անցկացվում է երկրորդ փուլ։ Այնուհետև Բունդեսթագն ունի 14 օր՝ այլ թեկնածուի ընտրելու համար։
Եթե երկրորդ փուլն էլ արդյունք չի տալիս, ընտրությունները մտնում են երրորդ փուլ, որը ենթադրում է անհապաղ նոր քվեարկություն։ Այդ փուլում անձը, ով ստանում է ամենաշատ ձայները, ընտրվում է կանցլեր։
Օրենսդրությամբ նախատեսված է, որ եթե ընտրված կանցլերը ստանում է բացարձակ մեծամասնություն, Բունդեսթագի ընտրությունից հետո 7 օրվա ընթացքում Ֆեդերալ նախագահը պարտավոր է նշանակել նրան։ Եթե նա ստանում է միայն հարաբերական մեծամասնություն (ամենաշատ ձայները), նախագահը կամ նշանակում է նրան կանցլեր 7 օրվա ընթացքում, կամ ցրում է Բունդեսթագը։