Գերմանիայի կանցլերը պահանջում է պարզեցնել Եվրամիությանը անդամակցությունը

13:10, 19.06.2022

Գերմանիայի կանցլերը պահանջում է Եվրամիությանը անդամակցության պարզեցում։ Այս մասին Օլաֆ Շոլցը հայտարարել է գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Շոլցի կարծիքով՝ տնտեսական բլոկի ընդլայնմանը պետք է նախապատրաստվեն ոչ միայն անդամակցության թեկնածուները, այլև հենց Եվրամիությունը։

«Սրա համար Եվրամիությունը պետք է արդիականացնի իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացները։ Միշտ չէ, որ հնարավոր կլինի ամեն ինչ միաձայն լուծել, նույնիսկ այսօր այս ընթացակարգը պահանջում է միաձայնություն»,- ասել է կանցլերը։

Կանցլերի խոսքով՝ այս մասին ինքը ցանկանում է խոսել հունիսի 23-24-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում։ Նա նաև հույս ունի, որ գագաթնաժողովը խթան կհաղորդի Արևմտյան Բալկանների երկրներին, որոնք մոտ երկու տասնամյակ սպասում են Եվրամիությանն անդամակցելուն։

«Մենք պետք է Արևմտյան Բալկանների երկրներին ցույց տանք, որ մենք լուրջ ենք տրամադրված։ Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան բավարարում են Եվրամիությանը անդամակցելու կոնկրետ բանակցություններ սկսելու բոլոր պահանջները, դրանք պետք է սկսել հենց հիմա»,- ասել է Շոլցը։

Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում 27 անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դիմումները։ Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինան և Մոլդովան հռչակել պաշտոնական թեկնածու երկրներ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, Եվրահանձնաժողովը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը, սակայն մինչ թեկնածուի կարգավիճակ ստանալը Վրաստանը պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի։

Նմանատիպ