Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ ցանկություն է հայտնել զրուցել Վլադիմիր Պուտինի հետ
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցելու իր ցանկությունը։ Շոլցի խոսքով՝ ինքը որոշել է «ճիշտ ժամանակին խոսել» Պուտինի հետ։
«Բայց ես պատասխանատու քաղաքական գործիչ եմ և միայնակ չեմ անի դա»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Պուտինի հետ երկխոսությունը պահանջում է բազմաթիվ շփումներ և բանակցություններ այլ կողմերի հետ։ Շոլցի խոսքով՝ պետք է քննարկել նաեւ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը։
Հարցին, թե երբ կգա Պուտինի հետ բանակցությունների ժամանակը, կանցլերը պատասխանել է. «Շուտով»։
Տեղեկության համար՝ հոկտեմբերին Շոլցն ասել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդի հետ։
Կրեմլում պարզաբանել են, որ Պուտինը պատրաստ է զրուցել Շոլցի հետ, թեև ռուսական կողմը Բեռլինից որևէ առաջարկ չի ստացել։
Շոլցը Պուտինի հետ վերջին անգամ զրուցել է 2022 թվականին։