Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշում է, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարում է, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Հաբեկի խոսքով՝ Գերմանիայի կառավարության կանխատեսումը, թե 2024 թվականին երկրի տնտեսությունը կաճի 1,3 տոկոսով, չիրականացավ, եւ այժմ սպասվում է 0,2 տոկոս աճ։
Ինչպես գրում է BBC-ն, դա նշանակում է, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը, փաստորեն, կանգ է առել, թեև խուսափել է լիարժեք ռեցեսիայից։
Ըստ Հաբեկի, տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառն այն է, որ Գերմանիան բախվել է ծանր իրավիճակի Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, քանի որ երկրի ինտենսիվ էներգետիկ արդյունաբերությունը կախված է եղել ռուսական գազից, իսկ գերմանական արտահանումից կախվածության պատճառով երկիրը հատկապես խոցելի դարձավ համաշխարհային առևտրի փոփոխությունների նկատմամբ:
Էկոնոմիկայի նախարարը նաեւ նշում է, որ երկրի տնտեսությունը կփլուզվի առանց աշխատանքային միգրանտների։
Բացի այդ, ըստ Գերմանիայի Կենտրոնական բանկի՝ Bunderbank-ի, երկիրը կարող է արդեն իսկ մտել ռեցեսիա: Bunderbank-ի ամենամսյա զեկույցում նշվում է, որ «սթրեսային գործոնները», ամենայն հավանականությամբ, կպահպանվեն, և տնտեսական աճը կարող է փոքր-ինչ դանդաղել 2024 թվականի առաջին եռամսյակում: Եվ երկու անընդմեջ բացասական եռամսյակները երկրի տնտեսությունը կբերեն տեխնիկական անկման։
«Բի-Բի-Սի»-ն հայտնում է, որ 2024 թվականին Գերմանիայում սպասում են տնտեսության աճի և տնտեսագետները չեն խոսում լիարժեք ռեցեսիայի մասին։
Հրապարակման տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ երկրում գնաճի մակարդակը նվազել է, իսկ էներգետիկ ոլորտում՝ հարկերը, ինչի շնորհիվ, ըստ տնտեսագետների, երկրի տնտեսությունը աստիճանաբար կվերականգնվի։