Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարն ասում է, որ Ռուսաստանը կկարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա «մինչև այս տասնամյակի վերջը»
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարն ասում է, որ Ռուսաստանը կկարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա «մինչև այս տասնամյակի վերջը»

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը կարծում է, որ Ռուսաստանը կկարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա առաջիկա վեց տարվա ընթացքում։

Ինչպես ասում է Բրունո Կալը գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում, ինքը Ռուսաստանից ուղիղ ռազմական սպառնալիք է տեսնում։

«Մինչև այս տասնամյակի վերջ ռուսական զորքերը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու հնարավորություն կունենան։ Կրեմլը Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը համարում է թշնամի։ Մենք ուղղակի հակասության մեջ ենք Ռուսաստանի հետ»,- ասել է Կալը Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողական հանձնաժողովի լսումների ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի թիրախը միայն Ուկրաինան չէ, եւ Պուտինը փորձում է նոր աշխարհակարգ ստեղծել։

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հայտարարել էր, որ Գերմանիայում վտանգները մեծացել են ռուսական հետախուզական գործունեության պատճառով։

Օրերս հայտնի դարձավ, որ լրտեսության սպառնալիքի պատճառով Գերմանիայի ՆԳ նախարարությունը օրենքի նախագիծ է պատրաստել, ըստ որի՝ ուժեղացվելու է իրավապահ մարմինների աշխատակիցների տեսչությունը։