Գերմանիայի Բունդեսթագը օրենսդրական փաթեթ է ընդունել միգրացիոն քաղաքականության և անվտանգության խստացման վերաբերյալ
Գերմանիայի Բունդեսթագը օրենսդրական փաթեթ է ընդունել, որը նախատեսում է միգրացիոն քաղաքականության և անվտանգության խստացում։
Օրենսդրական փաթեթին կողմ է քվեարկել 361, դեմ՝ 290 պատգամավոր, ձեռնպահ է եղել ինը։
Փաթեթը ներառում է արտոնությունների կրճատում այն ապաստան հայցողների համար, ովքեր ստիպված են լքել երկիրը:
Բացի այդ, խստացվում է զենք պահելու և օգտագործելու մասին օրենսդրությունը, ինչպես նաև սառը զենք կրելն արգելող կանոնները։
Լրացուցիչ քվեարկության ժամանակ հաստատվել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի բարելավման մասին օրինագիծը։ Օրենքը քննչական մարմիններին ավելի շատ լիազորություններ է տալիս՝ պայքարելու իսլամիստական ծայրահեղականության դեմ։
Բունդեսթագից հետո օրենսդրական փաթեթը պետք է ընդունի Գերմանիայի խորհրդարանի երկրորդ պալատը՝ Բունդեսրատը։