Գերմանիայի արտգործնախարար. Մենք երբեք չենք կարող հույս դնել Պուտինի խոստումների վրա

15:16, 01.05.2022

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի կողմից խաղաղության համար դրված պայմանները կարող են հանգեցնել Եվրոպայում նոր պատերազմի։

Այս մասին Անալենա Բերբոքն ասել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Վլադիմիր Պուտինը խախտել է խաղաղության կարգը Արևմուտքում, ուստի այս դաժան ներխուժումը հետ մղելու համար անհրաժեշտ է օգնել Ուկրաինային և պաշտպանվել ապագա հարձակումներից։

«Մեր նպատակը խաղաղությունն է Ուկրաինայի ժողովրդի, մեզ և մեր երեխաների համար։ Խոսքը ոչ միայն պատերազմի բացակայության, այլև ազատ կյանքի անվտանգության մասին է։ Բայց խաղաղության կարգը, որը մենք ունեինք Եվրոպայում, քանդեց Պուտինը։ Ինչքան էլ ուզենք, մինչև փետրվարի 24-ը մեր ունեցածի վերադարձ չի լինելու։ Մենք երբեք չենք կարող հույս դնել Պուտինի խոստումների վրա», – ասել է Բերբոքը։

Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանները։

«Հրադադարը կարող է լինել միայն առաջին քայլը։ Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը։ Խաղաղությունը Ռուսաստանի թելադրած պայմաններում անվտանգություն չի բերի ո՛չ Ուկրաինային, ո՛չ մեզ Եվրոպայում։ Վատագույն դեպքում դա կլինի ապագա պատերազմի հրավեր՝ նույնիսկ ավելի մոտ մեր սահմաններին»,- ասել է նախարարը։

Նմանատիպ