Գերմանիայի արևելքում՝ նախկին զինվորական պոլիգոնի տարածքում բռնկված հրդեհի պատճառով, երեք գյուղ է տարհանվել
Արևելյան Գերմանիայում գտնվող նախկին խորհրդային ռազմական պոլիգոնի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տարածքում առկա զինամթերքի պատճառով հրշեջները չեն կարողանում ուղղակիորեն մոտենալ հրդեհի օջախին և անվտանգության նկատառումներով ստիպված են պահպանել մեկ կիլոմետր հեռավորություն։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախկին պոլիգոնում դեռևս մնում են զինամթերքներ, որոնք կարող են պայթել։
Պոլիգոնի մոտակայքում գտնվող Գրանցին, Գրանցիներ-Մյուլե և Կրիենկե գյուղերի բնակիչներին կոչ է արվել ժամանակավորապես տարհանվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 250 հրշեջ, և մոտ ժամանակներս նախատեսվում է ներգրավել նաև լրացուցիչ ուժեր։
Ի գիտություն՝ համանման հրդեհ էր բռնկվել նաև հունիսին՝ էքստրեմալ շոգի ֆոնին, Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում։ Կրակը բռնկվել էր Ռոտենֆելս բնական արգելոցում, որտեղ նախկինում իրականացվում էր հրետանային արկերի ուտիլիզացում։ Հրդեհի հետևանքով հին զինամթերքի մի մասը պայթել էր։