Գերմանիան Վրաստանին 23 մլն եվրո կհատկացնի շուկայում կանաչ ջրածնի տարածման նպատակով
Վրաստանում Գերմանիայի դեսպանատան տվյալներով՝ Գերմանիան Վրաստանին 23 մլն եվրո կհատկացնի շուկայում կանաչ ջրածնի տարածման նպատակով։ Այդ մասին Գերմանիայի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են Բեռլինում կառավարական երկօրյա բանակցությունների ժամանակ։
Դեսպանատան տվյալներով՝ ընդհանուր առմամբ, կողմերը մշակել են մոտ 68 միլիոն եվրոյի միջոցառումների փաթեթ առաջիկա երկու տարիների համար։
«Վրաստանի և Գերմանիայի կառավարությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում՝ զարգացման քաղաքականության ոլորտում կառավարության բանակցությունների շրջանակներում։ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը Վրաստանին 23 մլն եվրո կհատկացնի շուկայում կանաչ ջրածնի տարածման նպատակով։ Այս համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում կանաչ ջրածնի տեխնոլոգիայի առումով առաջին ներդրումային ծրագիրն է։
Հատկացված միջոցները պետք է ուղղվեն հաջորդ տարիներին էլեկտրոլիզի կայանի, ջրածնի ջրամբարի և անհրաժեշտ հողմային էլեկտրակայանի կառուցմանը։ Բացի էներգետիկայի ոլորտից, կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը այլ ոլորտներում։ Միջոցառումների փաթեթը ներառում է ընդհանուր առմամբ մինչև 68 միլիոն եվրո առաջիկա երկու տարիների համար»,- նշված է դեսպանատան տեղեկատվության մեջ։