Գերմանիան ողջունում է «Կովաքսի» շրջանակներում պատվաստանյութի փոխանցումը 18 երկրներին, այդ թվում՝ Վրաստանին
Գերմանիան ողջունում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «Կովաքսի» կողմից նախաձեռնված միջազգային մեխանիզմի գործարկումը Covid-19-ի դեմ պատվաստանյութեր բաժանելու համար: Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Փորձնական ծրագրի շրջանակներում «Կովաքսի» միջոցով փետրվարին 18 երկիր կստանա Covid-19-ի դեմ պատվաստանյութ, այդ թվում՝ հարեւան եվրոպական երկրները՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բոսնիան: Գերմանիան և Եվրամիությունը ստեղծման օրվանից աջակցում են «Կովաքսի» պլատֆորմին», – ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը 400 միլիոն եվրոյով ֆինանսավորում է «Կովաքսի» մեխանիզմը:
«Գերմանիան նույնպես զգալի ներդրում կունենա զարգացող երկրների օգնության գործում: Ի թիվս այլ օգնության, Գերմանիան 300 միլիոն եվրո է հատկացրել մարդասիրական օգնության համար Covid-19 համաճարակի համատեքստում և նաև աջակցում է աշխարհում Covid-19-ի դեմ պատվաստանյութերի, դեղերի և ախտորոշիչ միջոցների արդար և թափանցիկ բաշխմանը և մատչելիությանը»: